է Շուշի բերդաքաղաքը՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ամբողջ Հարավային Կովկասի մշակութային, հոգևոր և զբոսաշրջության կենտրոններից մեկի վերականգնման և վերածնման ռազմավարական նպատակներին։ Շուշին, որը ժամանակին քաղաքակրթությունների խաչմերուկ էր, առանձնահատուկ դեր է ունեցել ոչ միայն հայ, այլև կովկասյան տարածաշրջանի այլ ժողովուրդների ճակատագրում։ Շուշիում են գտնվում տարբեր մշակույթների պատկանող երևելի ճարտարապետական հուշարձաններ, այստեղ են ծնվել ու մեծացել հանրաճանաչ շատ ազգային և հասարակական գործիչներ։ Կարելի է հասկանալ ադրբեջանցիների զգացմունքները, ովքեր ծնվել ու մեծացել են Շուշիում և երազում են կրկին տեսնել հարազատ քաղաքը, ինչպես կարելի է հասկանալ Ադրբեջանից հայ փախստականների զգացմունքները, ովքեր չեն դադարում կարոտել Բաքվի Արմենիքենդն ու Զավոկզալնայա փողոցը, երազում են այցելել հարազատների շիրիմները Մոնտինսկի գերեզմանատանը, Գանձակի և Գետաշենի, Չարդախլուի և Շահումյանի բնիկների զգացմունքները, ովքեր ստիպված էին լքել նախնիների հողը։ Շուշին թանկ է և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար։ Հատկապես այս քաղաքի վերածնունդը կարող է դառնալ տարածաշրջանի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի և փոխներգործության հաստատման հենակետերից մեկը։ Այս առումով հայ ազգի բարի կամքի վկայությունն է հանդիսանում Շուշիի մզկիթներից մեկի ընթացիկ վերականգնումը, որն իրականացվում է հայաստանյան հասարակական կազմակերպության միջոցներով այն ժամանակ, երբ ժամանակակից Ադրբեջանի տարածքում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ծրագրավորված ոչնչացումը։ Ասվածի վերջին վկայությունը, որը միջազգային հնչեղություն է ստացել, 2004թ. դեկտեմբերին Նախիջևանում Հին Ջուղայի գերեզմանատան յուրօրինակ հայկական խաչքարերի ոչնչացումն է։ Չի կարելի չհամաձայնել նրանց հետ, ովքեր պնդում են, որ Շուշիի վաղեմի փառքից այսօր լոկ ավերակներ են մնացել։ Սակայն պետք չէ մոռանալ նաև պատմական ճշմարտության մասին. Շուշիի հիմքն ու հպարտությունը հանդիսացող հայկական թաղամասերն ամբողջովին ավերվել ու այրվել են 1920թ. մարտին ջարդի և քաղաքի հայ բնակչության զանգվածային կոտորածի ընթացքում։ Երբ Շուշին ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում ոչ միայն չեն վերականգնվել հայկական պատմամշակութային հուշարձանները, այլև շարունակվել են քաղաքի հայկական նույնականությունը ոչնչացնելու փորձերը։ Վերջին տարիների ռազմական գործողությունները նույնպես չեն խնայել Շուշին. դրանց ընթացքում քաղաքը վերածվել էր ռազմական հենակետի, որտեղից անընդմեջ գնդակոծվում էին Ստեփանակերտն ու նրա շրջակայքը։ Բավարար է ասել, որ հայկական ամենաերևելի պաշտամունքային կառույցներից մեկը՝ Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցին, վերածվել էր զինամթերքի պահեստի։ 2006թ. գարնանը “Շուշի վերածնունդ” հիմնադրամի ստեղծումը բերդաքաղաքը վերականգնելու հայ ժողովրդի մտադրության ցայտուն ապացույցն է։ Ովքեր եղել են Շուշիում վերջին ամիսների ընթացքում չէին կարող չնկատել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ինչպես քաղաքի տեսքի, այնպես էլ բնակչության տրամադրությունների մեջ։ Այդ փոփոխություններն առայժմ այնքան էլ էական չեն, սակայն կասկած իսկ չկա, որ Հիմնադրամի կողմից մշակված գլխավոր հատակագծի, ներդրումային և բարեգործական ծրագրերի շնորհիվ մոտ ժամանակներս Շուշին կվերափոխվի։ Այսօր, երբ տարածաշրջանում 13-ից ավելի տարի զինադադար է պահպանվում, ժողովուրդները հնարավորություն ունեն ապացուցել իրենց համախոհությունը տարածաշրջանի ապագա բարգավաճման գաղափարին։ Հարավային Կովկասի մարգարիտ Շուշին կարող է դառնալ խաղաղության և ստեղծագործման գոտի։ “Շուշի վերածնունդ” հիմնադրամը բաց է համագործակցության համար հանուն Շուշիի վերականգնման և պատրաստ է մասնակցել ցանկացած խաղաղ նախաձեռնության՝ ազատ քաղաքական չարաշահումներից և ուղղված քաղաքի իրական վերածնմանը։ Հիմնադրամը պատրաստ է կառուցողական համագործակցության, միաժամանակ հայտարարելով Շուշին վերականգնելու հաստատակամության մասին՝ անկախ Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական և հասարակական իրադրությունից։
|